ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մոտ 400 դիտորդ մոնիթորինգ կիրականացնի Ադրբեջանում ընտրությունների ընթացքում
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակն Ադրբեջանի իշխանությունների հրավերով 2015 թվականի նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգ կիրականացնի։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության զեկույցում։
Մշտադիտարկմանը կմասնակցեն 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդներ։
Զեկույցում գնահատականներ են տրվում երկրում առկա նախընտրական մթնոլորտին։
Մասնավորապես նշվում է, որ ընտրական հանձնաժողովների ձևավորման, թեկնածուների գրանցման, բողոքների քննարկման մեխանիզմներին առնչվող շատ հարցեր դեռ չլուծված են մնում։
Ադրբեջանում հիմնական խնդիրներից են շարունակում մնալ հիմնարար ազատությունների հարգանքը, իշխանություններին քննադատողների հանդեպ համակարգված քրեական հետապնդումը, ընտրողներին ու պոտենցիալ թեկնածուներին ահաբեկելը։
Նման մթնոլորտը բացասաբար է անդրադառնում նաև մեդիա միջավայրի վրա։
Ավելի վաղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հետևել է Ադրբեջանում կայացած բոլոր 9 ընտրություններին։










