Ռուսաստանցիները պատմել են իրենց գլխավոր մտահոգությունների մասին

13:45 • 01.09.15

Ռուսաստանցիների մեծ մասը (78 տոկոս) մտահոգված է երկրում գնաճով: Այդ մասին են վկայում «Լևադա-կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպության հարցման արդյունքները, գրում է lenta.ru-ն։

 

Բացի ապրանքների և ծառայությունների թանկացումից՝ հարցման մասնակիցների 42 տոկոսը մտահոգված է բնակչության շրջանում աղքատությամբ, 36 տոկոսին անհանգստացնում է գործազրկության աճը, 32 տոկոսին՝ տնտեսությունում առկա ճգնաժամը, արդյունաբերության և գյուղատնտեսության վատ վիճակը: 29 տոկոսը դժգոհ է կոռուպցիայից, իսկ 27 տոկոսը՝ ռուբլու արժեզրկումից:

 

Ուկրաինայում պատերազմը և Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներն անհանգստացնում են հարցման մասնակիցների 22 և 12 տոկոսներին՝ համապատասխանաբար:

 

Հարցման մասնակիցներին նաև հարցրել են, թե ինչպես է նրանց կարծիքով կառավարությունը պայքարում ֆինանսական ճգնաժամի, արժեզրկման և գործազրկության դեմ։ Ռուսների 4 տոկոսը կարծում է, որ լավ, 55 տոկոսը միջին, 37-ը՝ վատ, ևս 4-ը դժվարացել է պատասխանել:

 

Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1.600 մարդ՝ երկրի 46 շրջանների 134 բնակավայրերից: