Ադրբեջանցի քննիչները մեկնել են Մոսկվա՝ Գերման Ստերլիգովին հարցաքննելու համար
Լուսանկարը՝ og.ru-ի
Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազության աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խումբը մեկնել է Մոսկվա՝ ռուս գործարար Գերման Ստերլիգովին հարցաքննելու նպատակով, ասվում է գերատեսչությունների համատեղ հայատարարությունում։
Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում բնակվող գործարարի փաստաբանը երեկ հայտնել է, որ Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո Ստերլիգովը ձերբակալվել է ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից։ Փաստաբանը ենթադրել է, որ դա կապված է նրա հետ, որ Ադրբեջանի իշխանությունները գործարարի նկատմամբ հետախուզում են հայտարարել՝ «սահմաններն անօրինական հատելու համար», փոխանցում է Интерфакс-ը։
Իրազեկ աղբյուրները հայտնել են, որ Ստերլիգովը չի ձերբակալվել, այլ նրա հետ զրույցներ են տարվում՝ որոշ հանգամանքներ պարզելու համար։ Ավելի ուշ փաստաբանը հայտնել է, որ Ստերլիգովն ազատ է արձակվել՝ իրավապահ մարմինների հետ զրույցներից հետո։
Փաստաբանը նշել է, որ զրույցն իրավապահ մարմինների հետ անցկացվել է ադրբեջանական կողմի հարցման պատճառով։
«Երբ ոստիկանության աշխատակիցները համոզվեցին, որ Ստերլիգովը Ռուսաստանի քաղաքացի է, նրան ազատ թողեցին»,- նշել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ գործարարը վերջնականապես վերադարձել է Ռուսաստան և մտադիր չէ մոտ ապագայում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։










