Բանգկոկում ահաբեկչությանը հնարավոր մասնակցության համար կասկածվողին հայտնաբերել են Թուրքիայում

12:34 • 01.09.15

Թաիլանդի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությանը հնարավոր մասնակցության համար կասկածվողին գտել են Թուրքիայում։ Նա մտադիր է մոտ ապագայում վերադառնալ Բանգկոկ՝ ցուցմունքներ տալու համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

26-ամյա Վաննա Սուանսանը հայտնվել է կասկածյալների ցուցակում այն բանից հետո, երբ իր վարձակալած բնակարանում ոստիկանները հայտնաբերել են պայթուցիկ սարքեր պատրաստելու համար նախատեսված նյութեր։

 

«Ես չեմ եղել այդ բնակարանում արդեն 1 տարուց ավելի։ Իսկապես, դա ես եմ վարձակալել այն, սակայն այնտեղ ապրել են իմ ամուսնու ընկերները։ Նույնիսկ չգիտեմ՝ քանի մարդ է այնտեղ ապրել»,- ասել է Սուանսանը, ով հունիսից գտնվում է Թուրքիայում։

 

Ըստ ԶԼՄ-ների՝ պայթյունի կազմակերպման համար կասկածվողներից 2-ը լքել են Թաիլանդի տարածքը և այժմ, ենթադրաբար, գտնվում են հարևան Կամբոջայում։

 

Հիշեցնենք, որ Բանգկոկում օգոստոսի 17-ին պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ, 125-ը ստացել են վնասվածքներ։ Տուժածների մեծ մասն արտասահմանցի զբոսաշրջիկներ են։