Էկվադորում քննարկել են Ասանժին ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ նշանակելու հնարավորությունը
Էկվադորի իշխանությունները քննարկել են WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ՄԱԿ-ում այդ լատինամերիկյան երկրի մշտական ներկայացուցիչ նշանակելու հնարավորությունը՝ նրան Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքը լքելու հարցում օգնելու համար։
Այդ մասին հայտնել է The Independent-ը՝ վկայակոչելով SENAIN արտաքին հետախուզության էկվադորական գործակալության զեկույցից արտահոսքը։
Ասանժն այդտեղ է թաքնվում՝ Շվեդիա արտահանձնման վտանգի պատճառով:
«Հյուրանոց» գործողություն» ծածկանվամբ զեկույցում առաջարկվել են «պարոն Հյուրին», ինչպես այդ փաստաթղթում անվանվել է Ասանժը, դեսպանատան շենքից դուրս բերելու ուղիներ։
Էկվադորցիները քննարկել են «պարոն Հյուրի» կողմից դիվանագիտական անձեռնմխելիություն ստանալու հնարավորությունը նրան ՄԱԿ-ում Էկվադորի մշտական ներկայացուցիչ նշանակելու միջոցով, բայց միևնույն ժամանակ ընդունել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից նման որոշում չընդունելու հնարավոր վտանգը։
Ասանժն արդեն ավելի քան երեք տարի գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում: 2012 թվականի օգոստոսին այդ երկրի իշխանությունները նրան ապաստան են տրամադրել, որը թույլ է տվել ավստրալացուն խուսափել Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան կասկածում են սեռական բնույթի հանցագործությունների համար։
WikiLeaks-ի հիմնադիրը հերքում է բոլոր մեղադրանքները։
Ասանժը վախենում է, որ Ստոկհոլմն իրեն կարտահանձնի ԱՄՆ-ին, որտեղ նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում, իսկ հնարավոր է՝ նաև մահապատիժ՝ Պետդեպարտամենտի տասնյակ հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար։










