Հունգարիան Եվրոպայում ներգաղթյալների ճգնաժամի «քավության նոխազն» է դարձել. հունգարացի պաշտոնյա (լուսանկարներ)
Օրական Հունգարիա է մուտք գործում մոտ 3.000 ներգաղթյալ։ Այդ մասին հայտնել է Հունգարիայի կառավարության խոսնակը՝ Բուդապեշտի կայարաններից մեկում ներգաղթյալների և ոստիկանության միջև կատաղի բախումներից ժամեր անց, գրում է The Daily Mail-ը։
Հազարավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ գիշերն անցկացրել են քաղաքի Արևելյան երկաթուղային կայարանի առաջ այն բանից հետո, երբ իշխանությունները նրանց թույլ չեն տվել նստել Գերմանիա և Ավստրիա տանող գնացքները՝ մեջբերելով Եվրամիության օրենքները, որոնք թույլ չեն տալիս ներգաղթյալներին մեկնել Հունգարիայից արևմուտք գտնվող երկրներ:
Չեղյալ է հայտարարվել կայարանից բոլոր գնացքների շարժը՝ Արևմտյան Եվրոպա հասնել փորձող ներգաղթյալների մեծ թվի պատճառով:
Չնայած կայարանում ճգնաժամին՝ Հունգարիայի կառավարության խոսնակ Զոլտան Կովաչը դժգոհել է, որ իր երկիրը Եվրոպայում ներգաղթյալների ճգնաժամի «քավության նոխազն» է դարձել:
«Այս տարվա սկզբից մենք հույս ունենք միգրացիայի և փախստականների համակարգի նորացված մոտեցում ունենալ: Տարիներ առաջ ստեղծված համակարգը բոլորովին չի աշխատում: Այն չի կարող հաղթահարել այս քանակությամբ ներգաղթյալների խնդիրը»,- ասել է նա:




























