Ադրբեջանում ԻՊ-ի շարքերում կռված քաղաքացիներ են ձերբակալվել

14:03 • 02.09.15

Լուսանկարը՝ Reuters-ի

 

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը վնասազերծել է հանրապետության մի խումբ քաղաքացիների, ովքեր մասնակցել են Սիրիայում և Իրաքում մարտերին՝ կռվելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում, գրում է Интерфакс-ը։

 

Երկրի 5 քաղաքացիների հանդեպ ԱԱՆ Գլխավոր քննչական վարչությունը գործ է հարուցել մի շարք հոդվածներով։ Ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

 

Նրանցից մեկը 2015թ. օգոստոսի 25-ին արդեն դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Մյուսների նկատմամբ շարունակվում են քննչական գործողությունները։

 

Ըստ Ադրբեջանի քրեական օրենսդրության՝ ձերբակալվածներին սպառնում է 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում։