Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է ոչ դիտավորյալ հանցագործություններ կատարած անձանց համար նախատեսված պահման վայր
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Դերասանը տեղափոխվել է ոչ դիտավորյալ հանցագործություններ կատարած անձանց համար նախատեսված պահման վայր:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Վերջինիս հաղորդմամբ՝ առաջիկայում տեղաբաշխման հանձնաժողովը կորոշի պատժի կրման հետագա ընթացքը:
Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Վճռաբեկ դատարանը մերժել է ավտովթարի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի՝ օգոստոսի 21-ին ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել՝ այն համարելով անհիմն:
Տուժող կողմը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, պահանջելով վերանայել վերաքննիչ դատարանի որոշումը և Վարդան Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակել ավելի երկար ժամկետով։ Տուժող կողմը նաև պահանջում էր, որ դերասանը տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվի 3 տարով: Նշենք, որ ըստ դատարանի վճռի՝ Վարդան Պետրոսյանը տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել էր 2 տարով:
Հիշեցնենք նաև, որ դերասանի մասնակցությամբ ավտովթարը տեղի էր ունեցել 2013թ. հոկտեմբերի 20-ին: Երևան-Եղվարդ ավտոճանապարհին բախվել էին «ԲՄՎ» և «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին, Նիվա մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տաթևիկ Հակոբյանը ստացել էր ծանր մարմնական վնասվածք, իսկ Էմմա, Արթուր և Հայկ Հակոբյանները՝ միջին ծանրության վնաս:
Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։










