Ընդդիմադիրներին բանտարկելով՝ Ալիևն իր երկիրը վերածել է Եվրասիայի ամենաբիրտ ոստիկանական պետություններից մեկի. The Washington Post
Լուսանկարը՝ Aziz Karimov/AP-ի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին մի քանի տարիների ընթացքում բանտարկել է մոտ 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, կրոնական և ընդդիմադիր գործիչների՝ իր վարչակարգը Եվրասիայի ամենաբիրտ ոստիկանական պետություններից մեկը վերածելով։ Բանտարկվածներից քչերն են նրան խայտառակել այնքան հիմնավորապես և արդյունավետ կերպով, որքան Խադիջա Իսմայիլովան, գրում է The Washington Post -ն իր խմբագրականում:
Թերթը հիշեցնում է, որ Իսմայիլովան դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման «զավեշտալի քաղաքական դատավարություններից մեկից հետո, որոնք սովորական են դառնում Ադրբեջանում»: «Նրա հանցանքն «Ազատություն» ռադիոկայանի համար սուր հետաքննական հոդվածների շարքն էր, որտեղ բացահայտվում էր, թե ինչպես է Ալիևը և նր ընտանիքը հարստացել պետության հաշվին: Երկուշաբթի նա մատուցեց իր վերջին հարվածը՝ իր հետապնդումների ջախջախիչ վերլուծությունը»,- գրում է թերթը։
Ինչպես իր վերջին խոսքում ասել է 39-ամյա լրագրողը, նրա դեմ ներկայացված մեղադրանքները նման են եղել այն մեղադրանքներին, որոնք նա առաջադրել է Ալիևի և նրա ընտանիքի նկատմամբ իր հոդվածներում՝ անօրինական գործարարություն, հարկերից խուսափում և իշխանության չարաշահում: Տարբերությունն այն է, որ նա իր մեղադրանքները հիմնավորել է փաստերով, ապացույցներով և փաստաթղթերով, մինչդեռ նրա դեմ գործը հիմնվել է վատ կեղծված հայտարարությունների և «Ազատություն» ռադիոկայանի հետ իր հարաբերությունների վերաբերյալ հեշտությամբ հերքվող պնդումների վրա: Ոչ մի վկա նրա դեմ վկայություն չի տվել դատարանում:
Թերթը գրում է, որ չնայած նրան թույլ չեն տվել ավարտել իր խոսքը, Իսմայիլովայի քաջ ելույթը ոգեշնչման աղբյուր կլինի այն ադրբեջանցիների համար, ովքեր դեռ ցանկանում են իրենց երկիրը ժողովրդավար տեսնել։
Թերթը մեջբերում է Իսմայիլովայի խոսքերը բռնաճնշումների համակարգի մոտալուտ կործանման մասին և նշում, որ լրագրողի կանխատեսումն ավելի հավանական կդառնա, եթե Ալիևն ավելի քիչ համբերատարության արժանանա Միացյալ Նահանգների և մյուս արևմտյան ժողովրդավարությունների կողմից, որոնք ցանկանում են օգտվել երկրի նավթից ու գազից և մեծ նշանակություն են տալիս Ադրբեջանի հարաբերական անկախությանը Ռուսաստանից:
Անհավատալիորեն Ադրբեջանը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ, որը ենթադրվում է, որ պետք է նվիրված լինի ժողովրդավարական արժեքները տարածելուն, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը պաշտպանելուն, գրում է թերթը՝ հիշեցնելով նաև, որ այս ամռանն Ադրբեջանին թույլ է տրվել նաև հյուրընկալել առաջին Եվրոպական խաղերը:
Իսմայիլովայի ազատազրկման երկար ժամկետը մտահոգություն է առաջացրել, բայց ոչ դատապարտում Պետդեպարտամենտի կողմից, որը կոչ է արել ազատ արձակել նրան, բայց որևէ կերպ չի ասել, որ Ալիևը կամ պետական դատախազներն իրական հետևանքների կբախվեն իրենց քայլերի համար:










