Ֆրանսիական դատարանը փակել է Արաֆաթի մահվան պատճառների մասին գործը

10:01 • 03.09.15

Ֆրանսիայի դատական քննիչները փակել են Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան պատճառների մասին գործը, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Դատարանը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Նանտեր քաղաքի դատախազությունում եկել են եզրակացության, որ Արաֆաթի թունավորման մասին վարկածն ապացուցել հնարավոր չէ:

 

Արաֆաթի այրու փաստաբանը հայտարարել է, որ իրենք կբողոքարկեն գործի փակման մասին որոշումը վերաքննիչ դատարանում: Նա պնդում է, որ 2004 թվականին նրա մահը քաղաքական սպանություն է եղել:

 

75-ամյա Արաֆաթը մահացել է 2004 թվականի դեկտեմբերին Փարիզի մոտ գտնվող հիվանդանոցում: Դրանից երկու ամիս առաջ նրա առողջությունը կտրուկ վատացել է: Սկզբից սկսվել է սրտխառնոց, ցավեր որովայնում, այնուհետև դադարել են աշխատել երիկամները:  Նյարդաբանական կոմայի վիճակում Արաֆաթին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա մահացել է գլխուղեղի արնահոսության պատճառով:

 

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Պաղեստինի նախկին առաջնորդը մահացել է գլխուղեղի կաթվածից, բայց ավելի ուշ հայտնվել է Արաֆաթին ռադիոակտիվ նյութերով թունավորելու մասին վարկածը։