Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մոտ 3.000 մարդ է տարհանվել ծխի պատճառով
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից հինգշաբթի առավոտյան մոտ 3 հազար մարդ է տարհանվել՝ ծխի պատճառով: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է արտակարգ ծառայություններում աղբյուրը։
«Օդանավակայանի շենքից տարհանվել է մոտ երեք հազար մարդ»,- ասել է նա:
Ավելի վաղ ТАСС գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը, հայտնել է, որ ծխի պատճառով «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի է ունենում ուղևորների տարհանում՝ նկուղային հարկում բռնկված հրդեհի պատճառով:
«Ժամը 07:02-ին Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի օպերատիվ-հերթապահ մասը հաղորդագրություն է ստացել «Դոմոդեդովո» օդանավակայանի երրորդ հարկում ծխի առկայության մասին։ Իրականացվում է մարդկանց տարհանում»,- ասված է մամուլի հաղորդագրությունում:
Ինչպես ТАСС-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, հրդեհի մակերեսը կազմել է 20 քառակուսի մետր: Նշվում է, որ ծուխը զգացվել է բոլոր հարկերում:
Հրդեհի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 17 միավոր տեխնիկա և 61 մարդ:
Ինչպես РИА Новости-ին հայտնել է արտակարգ ծառայություններում աղբյուրը, օդանավակայանում հրդեհի նախնական պատճառը դարձել է նկուղային հարկում վերանորոգման աշխատանքների ժամանակ շինանյութերի բռնկումը:
«Նկուղային հարկում վերանորոգման աշխատանքներ են անցկացվել, որոնց ընթացքում ծուխ է առաջացել: Ըստ էության, որպես այդպիսին, հրդեհի չի հասել, բայց ծուխն ուժեղ էր, այդ պատճառով որոշում է կայացվել տարհանում իրականացնել»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ շուտով օդանավակայանում կմիացվի ուժեղացված օդափոխության համակարգը, և մարդիկ կվերադառնան օդանավակայան։










