Սեպտեմբերի 18-ին ՀՀ կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ. օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյան

11:02 • 16.09.15

Իսկ առաջիկա 5 օրերին եղանակակլիմայական փոփոխություններ պետք է սպասել միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում  և Արցախում: Սեպտեմբերի 18-ին այստեղ կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, իսկ մյուս շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով. այս մասին Tert.am-ին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


Ըստ նրա՝ Երևանում կարճատև անձրևի փոքր հավանականություն կա միայն այսօր՝ երեկոյան ժամերին: Սեպտեմբերի 17-21-ին սպասվում է քիչ ամպամած առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը ցերեկը կտատանվի +30...+32, իսկ սեպտեմբերի 18-21-ին +28...+30 աստիճանի սահմաններում:


Գագիկ Սուրենյանը նշեց, որ սեպտեմբերի երկրորդ կեսին և օդի ջերմաստիճանը, և տեղումների քանակը կլինեն նորմայի սահմաններում: Ցերեկային առավելագույն ջերմաստիճանները Արարատյան դաշտում և Երևանում հիմնականում կտատանվեն +28...+30, իսկ գիշերային նվազագույնները +14...+16 աստիճանի սահմաններում: