«Սիրո գործակցի» բոլոր դերասանները գլխավոր դերասաններ են. Հայկ Մարությանը՝ նոր ֆիլմի մասին
«Սիրո գործակից». այսպես է կոչվում դերասան Հայկ Մարությանի նոր ֆիլմը, որը մեծ էկրաններին կբարձրանա հոկտեմբերի 22-ից։ Ֆիլմում նկարահանվել են մի շարք հայտնի դերասաններ՝ Գարիկ Պապոյանը, Լուիզա Ներսիսյանը, Լևոն Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արմուշը, Խորեն Լևոնյանը և իհարկե ինքը՝ Հայկ Մարությանը։ Ֆիլմի ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, սցենարի հեղինակն է Ռոբերտ Մարտիրոսյանը:

-Ինչո՞վ կտարբերվի «Սիրո գործակից» ֆիլմը նույն ստեղծագործական խմբի նախորդ՝ «Սուպեր մամա» և «Ալաբալանիցա» ֆիլմերից, և արդյո՞ք կլինի նույնքան հաջողված...
-Մենք ամեն ինչ արել ենք, որ լինի նույնքան հաջողված և անգամ ավելի մեծ ջանքեր ենք գործադրել, որ լինի ավելի հաջողված, քան մյուսները։ Այս ֆիլմը ոճային առումով տարբերվում է մյուսներից։ Սա սպորտային ֆիլմ է, որի հիմքում ընկած է կանանց թենիսի մրցաշարը, բոլոր գործողությունները հենց մրցաշարի շուրջ են ընթանում, ամբողջ ֆիլմի մեջ փորձել ենք ներմուծել սպորտի ոգին։ Որակական, տեխնիկական և մարդկային ռեսուրսների հագեցվածությամբ նույնպես ֆիլմը տարբերվում է։ Այս ֆիլմի ցանկացած դերասան հանգիստ կարող է այլ ֆիլմում գլխավոր դեր խաղալ, այսինքն՝ «Սիրո գործակից»-ում նկարահանված բոլոր դերասանները «գլխավոր դերասաններ» են։ Հայկական ֆիլմ արտադրությունում ես չեմ կարող նշել մի ֆիլմ, որտեղ հավաքված լինեն այսքան պրոֆեսիոնալ թիմակիցներ։

-Համացանցում տարածված լուսանկարներից նկատում ենք, որ Գարիկը կերպարային զգալի փոփոխությունների է դիմել, հեշտ համաձայնե՞ց դառնալ կարմրահեր։
-Գարիկը շատ պրոֆեսիոնալ դերասան է։ Նա, իհարկե, առանց խնդիր համաձայնեց. նրա կարճ և մուգ մազերը մենք հատուկ պրոցեդուրաների շնորհիվ երկարացրեցինք և ներկեցինք։

-Ի՞նչ «մեսիջ» է պարունակում իր մեջ ֆիլմը, արդյո՞ք կհաջողվի ասելիքը տեղ հասցնել։
-Ֆիլմը կատակերգական ժանրի է, բնականաբար նրա առաջնային մեսիջը մարդկանց ծիծաղ պարգևելն է։ Չեմ ուզում չակերտները բացել, ընդհանուր կարող եմ ասել, որ «անկախ մեր կյանքի դժվարություններից՝ սերը և ընկերությունը միշտ պետք է վեր դասել ամեն ինչից». սա է ֆիլմի գլխավոր ասելիքը։

-Որքա՞ն է կազմում ֆիլմի բյուջեն։
-Վերջնական աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց կարող եմ ասել, որ ծախսվել է մոտ 400 հազ. ամերիկյան դոլարին համարժեք դրամ։ Նշեմ նաև, որ մենք ֆիլմը պարտադիր ցուցադրում ենք մարզերում, անգամ այն գյուղերում, որտեղ չկա տեխնիկա ֆիլմ ցուցադրելու համար։ Դա չի դիտվում, որպես բիզնես, քանի որ ծախսը ավելին է լինում, քան եկամուտը։ Մենք ինքներս ենք ստեղծում բոլոր հարմարությունները։ Սահմանամերձ գյուղերում ցուցադրությունները լինում են անվճար։ Իմ ցանկությունն է, որ մարդիկ բնակվող մարզերում կամ սահմանամերձ գյուղերում օգտվեն նույն հաճույքներից, որոնք հասանելի են Երևանում։ Հուսով եմ ֆիլմը հաջողություն կունենա (ժպտում է-հեղ.)...





Պատրաստեց՝ Լենա Մինասյանը










