ԵԽԽՎ-ի հակահայկական բանաձևը թիկունքից հարված է Մինսկի խմբի գործընթացին. Նաիրա Զոհրաբյան

12:16 • 05.11.15

 

Որևիցե մեկի համար անակնկալ չէր, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը ներառելու է զեկույցն առաջիկա հունվարյան լիագումար նիստի օրակարգ. Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունված և լիագումար նիստ տեղափոխված՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցին:


«Որևէ մեկի համար անակնկալ չէր նաև, որ ԵԽԽՎ-ն վաղուց արդեն վերածվել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի դուստր ձեռնարկության, հատկապես քաղաքական հանձնաժողովը, որովհետև Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը՝ լոբբիստական, խավիարադիվանագիտական, խավիարադոլարային, կենտրոնացրել է հատկապես քաղաքական հանձնաժողովի վրա, որովհետև այստեղով են անցնում Ադրբեջանի համար խիստ կենսական նախագծերը, որոնք Ադրբեջանը հետևողականորեն փորձում է տապալել, մասնավորապես՝ քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը»,-ասաց նա՝ պնդելով, թե պետք չէ բարդ քաղաքական կոմբինացիաներ փնտրել՝ ԵԽԽՎ-ի գերակշիռ մեծամասնությունը գնված է Ադրբեջանի կողմից:


«Քաղաքական հանձնաժողովի գերակշիռ մասը, դա արդեն ապացուցված փաստ է, և դրա վերաբերյալ կան տեղեկություններ տարբեր երկրների մամուլներում, որ քաղաքական հանձնաժողովի պատգամավորների զգալի մասը ֆիքսված աշխատավարձ է ստանում Ադրբեջանի կողմից»,-ասաց նա՝ ընդգծելով, թե սա չի ասում որպես արդարացում, այլ որպես արձանագրված փաստ:


Ինչ վերաբերում է հարցին, թե բանաձևի ներառումը գուցե պայմանավորված է պատվիրակության վատ աշխատանքով, ապա Զոհրաբյանն ասաց, որ ինքը, չլինելով այդ հանձնաժողովի անդամ, ամենայն պատասխանատվությամբ ասում է, որ եթե ինչ-որ մեկը կարող է շատ ավելի արդյունավետ աշխատել, ապա ինքը պատրաստ է զիջել իր տեղն այդ պատգամավորներին:


«Ինչ որ կարող էինք, արել ենք»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ սրանով ուղղակի լարվեցին պատվիրակությունների հարաբերություները, և այդ պատերազմական հարաբերություններն առ այսօր շարունակվում են:


«ԵԽԽՎ-ի նպատակը հերթական անգամ վնասելն է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին, որովհետև վնասից բացից այս նախաձեռնությունը որևէ պոզիտիվ քայլ առաջ չէ, որևէ կերպ չի օգնելու բանակցային գործընթացին: Հերթական անգամ իրենք միջազգային հարթակներում ուղղակիորեն ստեղծում են էսկալացիա հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև: Հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական ջանքերն է գործադրելու և կողմերին հորդորելու գնալ միմյանց հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորման: Նման քայլերով վստահության մթնոլորտ չի ձևավորում, այլ թիկունքից հարված են հասցնում Մինսկի խմբի գործընթացին»,-ասաց նա:


ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ինքը նպատակ ունի հայկական պատվիրակության վերադարձից հետո քննարկել ՀՀ-ի՝ ԵԽԽՎ-ի հետ հետագա հարաբերությունների որակը:

 


«Այս բանաձևը բացի բանակցային գործընթացին վնասելուց, որևէ այլ արժեք չունի, պարզ է, որ բանաձևի կետերը չեն կատարվել, ինչպես չի կատարվել 2005թ-ի Արկինսոնի բանաձևը, և դա դրվելու է ԵԽԽՎ հերթական դարակներից մեկում, և դրանք ընդամենը խորհրդատվական բնույթի փաստաթղթեր են։ Բայց ամենամեծ վատությունը, որ լիագումար նիստում կընդունվի, իսկ ես կարծում եմ կընդունվի, ուրեմն դա այն է, որ ուղղակիորեն թիկունքից հարված է Մինսկի խմբի բանակցային գործընթացին, որի նպատակը կոնֆլիկտը խաղաղ ձևով բանակցելն է»,-ասաց նա:


Թեև Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ լիագումար նիստում բանաձևը կընդունվի, բայց շեշտում է, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի առաջարկներով փորձեն հակահայկական ձևակերպումները գոնե նվազագույն հասցնել:


«Թե վերջնական ինչ տեսքով լինի, կախված է նրանից, թե որքանով ԵԽԽՎ-ում կգտնվեն սթափ պատգամավորներ, ովքեր կհասկանան, որ նման ձևակերպումներով բանաձևի ընդունումն ուղղակիորեն շատ ավելի լարելու է առանց այդ էլ լարված սահմանային լարվածությունը, վնասելու է բանակցային գործընթացին, հերթական անվստահությունն է առաջացնելու։ ԵԽԽՎ-ն հերթական անգամ վերածվելու է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև պատերազմական գործողություների հարթակի: Եթե ԵԽԽՎ-ի նպատակը սա է, թող շարունակեն այդ ոճով»,-եզրափակեց նա: