A321 ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննությունը մոտ է ավարտին. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավի կործանման մասին նյութերի ուսումնասիրությունը մոտ է ավարտին, գրում է gazeta.ru-ն։
«Մենք նյութերի ուսումնասիրության ավարտական փուլում ենք»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահն Անթալիայում G20-ի վեհաժողովի շրջանակներում Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ հանդիպմանը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը կասկած էր հայտնել, թե ավիավթարի հետաքննության արդյունքները կհրապարակվեն 2015 թվականին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Եգիպտոսի Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները զոհվել են։ Վարկածներից մեկն ահաբեկչությունն է։










