Ցինիկ ժպիտը դեմքին ամեն անգամ գալիս նստում է դատարանում. կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը վրդովվեց. տեսանյութ
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նախորդ տարի հունվարի 29-ին սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, այսօր հետաձգված հերթական դատական նիստից հետո դատավորին ասաց, որ իրեն դուր չի գալիս, թե ինչ ժպիտով է դատարանի դահլիճում նստում ամբաստանյալներից Գնել Թևոսյանը և կոչ արեց որևէ կերպ սաստել նրան։
«Ցինիկ ժպիտը դեմքին ամեն նիստին գալիս նստում է, աչքով է անում տանեցիներին, էդքանից հետո հլը կասկածեն՝ իրենք են սպանողները, թե՝ ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Այնուհետև Արկադի Բարսեղյանն անդրադարձավ նույն Գնել Թևոսյանի հոր՝ ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի դեմ հարուցված գործին, որն արդեն ուղարկվել է դատարան։
«Ես շատ եմ պայքարել, որ նախկին գնդապետը ևս պատասխանատվության ենթարկվի, նա էլ առաջին օրը պետք է ձերբակալվեր, ոչ թե մնար ազատության մեջ։ Նրա թույլ տված բարձիթողի վիճակից է, որ նման բան է եղել։ Չի զբաղվել իր որդու դաստիարակությամբ ու տեղում էլ ոչինչ չի արել»,- ասաց նա։
Հարցին, թե շուտով կլրանա որդու սպանության մեկ տարին, արդյոք ընդհանուր առմամբ գոհ է գործի ընթացքից կամ ինչ դժգոհություններ ունի, Արկադի Բարսեղյանն անդրադարձավ ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի ազատության մեջ գտնվելու հարցին։
«Վարազդատն էլ պետք է ձերբակալված լիներ, չնայած որ հիմա ծառայության մեջ է։ Նույնիսկ մի հատ ականջ քաշելու կամ հայհոյելու համար են մարդկանց ձերբակալում, բայց իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել։ Բայց նրա մասնակցությունը ավելին է, նա ևս մասնակցել է Վաչեի ծնունդին, խմել է բոլորի հետ, մասնակցել է Հայկազի առաջին ծեծին, հետո էլ ներքևում սպասել է, որ մարմինը տեղափոխեն ու պտտաձողից կախեն»,- ասաց նա և կասկածանք հայտնեց, որ գուցե Վարազդատ Սաֆարյանը ինչ-որ ծանոթ կամ հարազատ ունի, որի օգնությամբ կարողացել է մնալ ազատության մեջ։
Նշենք, որ Վարազդատ Սաֆարյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց էր ընտրել ստորագրությամբ ազատ արձակումը, և նա շարունակում է զինվորական ծառայությունը: Նրա բացակայության պատճառով արդեն մի քանի դատական նիստ հետաձգվել է։
Հիշեցնենք, որ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածները ծեծի է ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Հիշեցնենք նաև, որ հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում է 4 զինծառայող՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն կատարելը։










