Բալիում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են՝ Ջակարտայում ահաբեկչություններից հետո

15:46 • 14.01.16

Ինդոնեզիայի իշխանությունները հինգշաբթի օրն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները համաշխարհային ճանաչում ունեցող զբոսաշրջային Բալի կղզում՝ երկրի մայրաքաղաք Ջակարտայում ահաբեկչությունների շարքից հետո։ Այդ մասին հայտարարել է Բալի շրջանի ոստիկանության ղեկավար Սուգենգ Պրիյանտոն, գրում է РИА Новости-ն:

 

«Ջակարտայում տեղի ունեցածի հետ կապված՝ ես արդեն խորհրդակցություն եմ անցկացրել շրջանի բարձրաստիճան ոստիկանների հետ, ինչպես նաև հրահանգել եմ բոլոր ստորաբաժանումներին ուժեղացնել զգոնությունը»,- ասել է ոստիկանը:

 

Նրա խոսքով՝ ողջ կղզում նախատեսվում է կենսական կարևոր օբյեկտների ուժեղացված հսկողություն՝ զինվորականների և տեղի իշխանությունների հետ համագործակցությամբ:

 

Պայթյունների շարքը տեղի է ունեցել հինգշաբթի օրն Ինդոնեզիայի մայրաքաղաքի կենտրոնում Sarinah առևտրի կենտրոնի մոտակայքում: Դրանից հետո այդ թաղամասում, որտեղ նաև գտնվում են հյուրանոցներ, դեսպանատներ և գրասենյակային շենքեր, փոխհրաձգություն է սկսվել ոստիկանների և ահաբեկիչների միջև: Ջակարտայի ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու:

 

Ջակարտայում ահաբեկչությունների շարքի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 17 մարդ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ստանձնել են Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում պայթյունների շարքի պատասխանատվությունը։
 

Բալիում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են՝ Ջակարտայում ահաբեկչություններից հետո