Սպանությանը ականատես երկու զինվորներ հոգեկան խանգարումներ ունեն. կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայր
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված Հայկազ Բարսեղյանի հետ նույն սենյակում գտնվող մյուս զինվորներից երկուսը բուժվում են հոգեկան խանգարումների դեմ։
Այս մասին այսoր լրագրողների հետ զրույցում Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը նշելով՝ պատճառն այն է, որ նրանք ականատեսն են եղել սպանության։
«Նրանք հիմա տեղափոխվել են մարշալ Արմենակ Ղամփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտ ու հավաստի տեղեկություններ ունեմ, որ շաբաթը մի քանի անգամ հոգեկան խանգարման դեմ դեղեր են խմում։ Փաստորեն այս ընտանիքներն էլ կործանվեցին»,-ասաց նա։
Հայկազ Բարսեղյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում զոհվել է 76 զինվոր, որից 34-ը՝ հայի ձեռքով։
«Պատկերացնում ենք, թե ինչ կարող էին նրանք անել սահմանին, հակառակորդի դեմ։ Մենք այսպես ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին։ Ու վատն այն է, որ ավելի դաժան սպանում ենք մեր հայրենակցին, փոխանակ այդպես լինենք մեր թշնամու հանդեպ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում է 4 զինծառայող՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:










