Գերմանիայում հնարավոր են Փարիզի սցենարով ահաբեկչություններ. Bild

10:59 • 14.01.16

Գերմանիայի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Գերմանիայում բարձր է Փարիզի սցենարով ահաբեկչությունների իրականացման հնարավորությունը, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Գերմանական Bild թերթը, վկայակոչելով անվտանգության ոլորտում իրավիճակին նվիրված ՆԳՆ-ի գաղտնի զեկույցը, նշում է, որ փաստաթղթում ասվում է, որ երկիրը «փաստացի թիրախ է ծայրահեղական հայացքներով մոտիվացված բռնության» համար:

 

Փաստաթղթի հեղինակները, մասնավորապես, նախազգուշացնում են, որ Գերմանիայում կարող են ահաբեկչություններ տեղի ունենալ՝ նման Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած դեպքերին։ Խոսքը հրազենի և ռումբերի կիրառմամբ հարձակումների շարքի մասին է։ Հարձակումները, ընդ որում, կարող են իրականացվել մի քանի օր շարունակ։

 

Թերթը նշում է, որ ամենաշատը վտանգ են ներկայացնում Սիրիայում ջիհադիստական խմբավորումների շարքերում կռվածները: 850 գերմանացի է միացել «Իսլամական պետությանը» կամ նման խմբավորումներին, նրանցից մոտ 300-ը վերադարձել է Գերմանիա:

 

Եվս 420 մարդ համարվում է վտանգավոր և գտնվում է Քրեական գործերով դաշնային գերատեսչության հսկողության տակ։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի հետևանքով մոտ 130 մարդ է զոհվել, նրանց թվում` 17-ամյա Լոլա Ուզունյանը, 300-ից ավելին վիրավորվել։

 

Գերմանիայում հնարավոր են Փարիզի սցենարով ահաբեկչություններ. Bild