ԱՄՆ-ն ներողություն չի խնդրի Իրանից նավերի հետ կապված միջադեպի համար. Պետդեպ
ԱՄՆ իշխանություններն անհրաժեշտ չեն համարում Իրանից ներողություն խնդրել երկրի տարածքային ջրերում հայտնված ռազմական նավաստիների հետ կապված միջադեպի համար: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները, հաղորդում է РИА Новости-ն:
«Ինձ հայտնի է, որ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ելույթ է ունեցել այդ առիթով, և ԱՄՆ-ն պաշտոնապես ներողություն չի խնդրել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ մամուլում որոշակի հորինված բաներ են հայտնվել, ինչի պատճառով տպավորություն է ստեղծվել, իբր ներողություն է խնդրել»:
«Դա այդպես չէ»,- ընդգծել է Թոները:
«Որքան մեզ հայտնի է, միջադեպը տեղի է ունեցել մեխանիկական անսարքության պատճառով: Հարցը լուծվել է դիվանագիտական ճանապարհով, ինչը միշտ կատարյալ տարբերակ է»,- ասել է Թոները: «Բայց ես չեմ կարծում, որ ներողությունների անհրաժեշտություն կա»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» էլիտար ստորաբաժանումն ազատ է արձակել 10 ամերիկացի նավաստիներին, որոնք ձերբակալվել էին իրանական տարածքային ջրերում հայտնվելու համար:
Քուվեյթից Բահրեյն ուղևորվող երկու ամերիկյան նավեր հայտնվել են Իրանի տարածքային ջրերում, ինչից հետո Իրանի իշխանությունները ձերբակալել են անձնակազմերի 10 անդամներին։
Պետական հեռուստատեսությամբ ընթերցված հայտարարության համաձայն՝ խումբն ազատ է արձակվել «ներողություն» խնդրելուց հետո։










