Միջնորդներն արդեն անհանգստացած են և փորձում են նոր ուղիներ փնտրել. Շավարշ Քոչարյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միայն մի խոսքը, թե նախագահների հանդիպումը ձևական էր, շատ հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տրամադրված բանակցություններին: Կառավարության նիստից հետո, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը ձևական բնույթ է կրել, այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Դա արդեն բավարար է՝ հասկանալու այն մոտեցումը, որ ունի Ադրբեջանի ղեկավարությունը և՛ ԵԱՀԿ համանախագահների, և՛ հակամարտության կարգավորման սկզբունքների նկատմամբ: Եվ սա է պատճառը, որ տարիների ընթացքում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա»,-նկատեց Շավարշ Քոչարյանը:
Վերջինիս խոսքերով՝ որպեսզի բանակցային գործընթացում առաջընթաց լինի, հարկավոր է ոչ այնքան գործընթացի ակտիվացում, որքան կողմերի մոտեցումներում առաջընթաց:
«Իհարկե միջնորդները, համանախագահները ձգտում են, որ հնարավորինս հաճախ լինեն հանդիպումներ: Բայց եթե այդ հանդիպումները գնում են նույն ոճով, որը եղավ վերջինը Բեռնում և որը Ադրբեջանի նախագահը բնութագրեց որպես ձևական, ուրեմն առաջընթաց չի կարող լինել: Սա է խնդիրը, որն իր հերթին պարտադրում է նույն միջնորդներին, միջազգային հանրությանը ևս մեկ անգամ վերլուծել, անդրադառնալ այս ամեն ինչին, որովհետև այսպես շարունակելը որևէ դրական արդյունքի չի կարող բերել»,- նշեց փոխարտգործնախարարը և հավելեց`դա նշանակում է որոշակի մոտեցումների փոփոխություն:
«Դրա ազդանշաններից մենք տեսանք հենց նույն Բեռնում, երբ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, ըստ էության բանակցությունների քողի տակ շարունակում էր իր դեստրուկտիվ ուժային քաղաքականությունը, իսկ առաջարկությունները ծանրացել են այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ են համապատասխան հետաքննության մեխանիզմներ, այդ թվում` համապատասխան սարքավորումների ներդրում»,-ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, թե բնական է՝ Ադրբեջանը դրան դեմ է գնում, բայց սա արդեն հուշում է, որ միջնորդները արդեն անհանգստացած են և փորձում են նոր ուղիներ փնտրել:
Շավարշ Քոչարյանի խոսքով՝ եթե այս ուղղությամբ էլ հաջողության չհասնեն, ապա ուշ թե շուտ պետք է հասունանա մեկ այլ մոտեցում՝ կամ Ադրբեջանին պարտադրանք, կամ էլ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման գործընթաց:










