Էկվադորը կհամագործակցի Շվեդիայի հետ Ասանժի գործով

10:35 • 14.01.16

Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն հայտարարել է, որ իր երկիրը կհամագործակցի Շվեդիայի հետ WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով, մասնավորապես՝ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը նրա հարցաքննության հնարավորության մասին, հաղորդում է РИА Новости-ն:

 

«Մենք կհամագործակցենք շվեդական արդարադատության հետ, որպեսզի նրանք կարողանան նրանից ցուցմունքներ ստանալ, մենք այդ մասին խոսել ենք ամենասկզբից»,- ասել է Պատինյոն։

 

Ավելի վաղ Շվեդիայի դատախազությունը դիմել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարցաքննությունն իրականացնելու հարցով։ Դիմումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել Շվեդիայի և Էկվադորի միջև իրավական համագործակցության վերաբերյալ երկկողմ պայմանագիրը, ինչը թույլ է տալիս հարցաքննել Ասանժին։

Պայմանագիրը ստորագրվել է 2015 թվականի վերջին։

 

2012 թվականին Ասանժը մտել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն և դիմել է Էկվադորի իշխանություններին՝ խնդրելով նրան քաղաքական ապաստան տրամադրել մտավախությունների համար, որ շվեդական իշխանությունները նրան կարող են ԱՄՆ արտահանձնել WikiLeaks-ում իր գործունեության պատճառով: Դիմումը ներկայացնելուց ի վեր Ասանժը գտնվում է Էկվադորի դեսպանատանը:

 

Էկվադորը կհամագործակցի Շվեդիայի հետ Ասանժի գործով