ԱՄՆ-ն Կուբային է վերադարձրել Havana Club-ի ապրանքանշանի իրավունքները

15:31 • 16.01.16

Ամերիկյան իշխանությունները Կուբային են վերադարձրել Havana Club-ի ապրանքանշանի իրավունքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Համապատասխան վկայագիրը ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանշանների բյուրոն տրամադրել է «Կուբաէքսպորտ» կուբական պետական ձեռնարկությանը:


Թույլտվության գործողության ժամկետն ընդամենը 15 օր է, բայց «Կուբաէքսպորտն» արդեն դիմել է արտոնագրերի բյուրո՝ խնդրելով երկարացնել վկայագիրը 10 տարով:
 

Ինչպես ենթադրում է Wall Street Journal-ը, դիմումը կբավարարվի: «Բակարդի» ընկերության ներկայացուցիչները, ում մինչև այժմ պատկանում էր Havana Club ապրանքանիշով ռոմի արտադրության վկայագիրը, արդեն հայտարարել են, որ զարմացած են այդ որոշմամբ, քանի որ այն հակասում է միջազգային իրավունքի նորմերի վերաբերյալ ամերիկյան դիրքորոշմանը:

Ինչպես հիշեցնում է կայքը, Havana Club ապրանքանիշի պատկանելությունն արդեն 20 տարի վեճի առարկա է երկու խոշոր ձեռնարկությունների՝ «Բակարդիի» և կուբա-ֆրանսիական «Հավանա քլաբ ինթերնեշնլ»-ի միջև:
 

 

ԱՄՆ-ն Կուբային է վերադարձրել Havana Club-ի ապրանքանշանի իրավունքները