ԼՂՀ ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարություն են պատրաստել՝ ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցների վերաբերյալ

17:06 • 16.01.16

 

ԼՂՀ Ազգային ժողովի 5 խմբակցություններ համատեղ հայտարարություն կանեն՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԽԽՎ շրջանառության մեջ դրված հակահայ զեկույցների վերաբերյալ:

 

Ինչպես Tert.am-ին փոխանցեց ԼՂ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը, հունվարի 23-ի ԵԽԽՎ լիագումար նիստին ընդառաջ, որտեղ քննարկվելու են հակահայ զեկույցները, Ղարաբաղի խորհրդարանը հայտարարություն կանի:

 

«Մենք կաշխատենք այն ուղղությամբ, որ հայտարարությունը դիվանագիտական և այլ օղակներով հասնի ԵԽԽՎ պատվիրակներին: Ընտրել ենք ներազդման այս տարբերակը՝ մինչև հարցերի քննարկումը լիագումար նիստում»,- նշեց Խանումյանը:

 

Միաժամանակ, պատգամավորը նշեց, որ եթե այդ զեկույցներն ընդունվեն Վեհաժողովի կողմից, դառնան բանաձևեր, որևէ ազդեցություն՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա չեն ունենա:

 

«Էական որևէ ազդեցություն չի ունենա: ԵԽԽՎ որևէ բանաձև իմպերատիվ բնույթ, ազդեցություն չունի: Դրանք կարող են օգտագործվել Ադրբեջանի կողմից՝ տեղեկատվական մակարդակում»,- ասաց Հայկ Խանումյանը:

 

Պատգամավորը նկատեց, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը «լավ ժամանակներ» չի ապրում, քանի որ Վեհաժողովում Հայաստանի գործընկեր ամենամեծ պատվիրակություններից մեկը՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը, չի մասնակցում քվեարկությանը:
 

«ՌԴ պատվիրակությունն ամենամեծաքանակն է, բայց քվեարկության իրավունքից զրկված է: Սա թուլացնում է, իհարկե, մեր դիրքերը: Սակայն, որքան ես գիտեմ, տարվում է մեծ աշխատանք այլ պետությունների պատվիրակների հետ: Հույս ունեմ, որ նրանք կհասկանան, որ բանաձևերը ակնհայտ սուբյեկտիվ են, կատարվում են ադրբեջանական գումարային ներդրումների շնորհիվ»,- շեշտեց արցախցի պատգամավորը:


 



 

ԼՂՀ ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարություն են պատրաստել՝ ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցների վերաբերյալ