Սանկտ Պետերբուրգում ծննդկանի որովայնում վիրահատական սավան մոռացած հայ բժիշկը բացատրել է իր արարքը (տեսանյութ)

13:06 • 16.01.16

Սանկտ Պետերբուրգում ծննդկանի որովայնում վիրահատական սավան մոռացած մանկաբարձ գինեկոլոգ Մարիամ Առաքելյանն իր նախկին հիվանդի հետ հանդիպման ժամանակ բացատրել է իր արարքը՝ ասելով, որ «բոլորն էլ կարող են սխալվել»։ Այդ մասին հայտնում է lifenews.ru-ն։

 

Կեսարյան վիրահատությունից մեկ ամիս անց բժիշկն այցելել է իր նախկին հիվանդին՝ Յուլյային, և բացատրել իրավիճակը բժշկական սխալով։ Սակայն թե ինչպես կարող էր սավանը մոռանալ որովայնում՝ գինեկոլոգը բացատրել չի կարողացել։ 

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ դատախազությունը ստուգում է տեղեկատվությունն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի պետական բժշկական համալսարանական կլինիկայի աշխատակիցները հիվանդի որովայնում վիրահատական սավան են մոռացել։

 

Նոյեմբերի վերջին կինը կլինիկա է ընդունվել՝ ծննդաբերելու համար, որտեղ բժիշկ-գինեկոլոգը վճռել է կնոջը վիրահատության ենթարկել։ Սակայն վիրահատությունից հետո կինն ուշադրություն է դարձրել, որ հղիությունից հետո փորը ոչ միայն չի փոքրացել, այլև ավելի մեծ է դարձել: Բացի այդ՝ կնոջ որովայնում սուր ցավերը չեն հանդարտվել, և նրա վիճակը գնալով վատացել է:

Բժիշկներն անգամ ուլտրաձայնային հետազոտությունից հետո կնոջն ասել են, որ միայն հավաքված հեղուկ և մեծ հեմատոմա են նկատել: Նրան հակաբիոտիկներ են նշանակել: Իսկ 12 օր անց կնոջը դուրս են գրել հիվանդանոցից՝ «բավարար վիճակում» :



Սակայն դեկտեմբերի 14-ին նրան շտապօգնության մեքենայով հասցրել են այլ հիվանդանոց: Այնտեղ բժիշկները կնոջ որովայնից դուրս են բերել վիրահատական սավանը։

 

Սանկտ Պետերբուրգում ծննդկանի որովայնում վիրահատական սավան մոռացած հայ բժիշկը բացատրել է իր արարքը (տեսանյութ)