ՌԴ պատվիրակության՝ ԵԽԽՎ նստաշրջանին չմասնակցելը որևէ ազդեցություն չի ունենա 2 հակահայկական զեկույցների հարցում. քաղաքագետ

20:18 • 18.01.16

Ռուսաստանի պատվիրակության չմասնակցելը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այս տարվա առաջին նստաշրջանին, որը մեկնարկում է մեկ շաբաթից Ստրասբուրգում, որևիցե ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի համար և Հայաստանի դեմ երկու հակահայկական զեկույցների հարցում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

 

«Մասնակցեր, թե չմասնակցեր, դա Հայաստանի Հանրապետությանը ոչինչ չէր տա, որովհետև ՌԴ-ի պատվիրակությունը ձայնից զրկվել է անցյալ տարի, և պետք է նշեմ, որ մասնակցեր, թե չմասնակցեր որևիցե օգուտ հայաստանյան պատվիրակությանը հակահայկական երկու զեկույցների հարցում չէր տա: ՌԴ պատվիրակության մասնակցելը պայմանավորված է հենց նրանով, որ ռուսական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ չի մասնակցի ձայնից զուրկ լինելու պատճառով»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը Հայաստանի համար բարդ է լինելու, քանի որ օրակարգում երկու հակահայ զեկույց կա:

 

Քաղաքագետը նկատեց, որ եթե մինչև նստաշրջանի ավարտը ձայնի իրավունքը վերականգնվի, ապա մասամբ կներկայանան:

 

«Իսկ հավանականությունը, որ ձայնի իրավունքը կվերականգվի, շատ քիչ է»,-ասաց նա:  

 

Նշենք, որ տեսակետներ են հնչում, թե Ռուսաստանի պատվիրակության չմասնակցելը ավելի կբարդացնի իրավիճակը ՀՀ-ի համար:

 


 

ՌԴ պատվիրակության՝ ԵԽԽՎ նստաշրջանին չմասնակցելը որևէ ազդեցություն չի ունենա 2 հակահայկական զեկույցների հարցում. քաղաքագետ