Գերմանիայի փոխկանցլերը պահանջել է Մարոկկոյից և Ալժիրից «տանել» իրենց փախստականներին
Մարոկկոն և Ալժիրը պետք է Գերմանիայի տարածքից տանեն իրենց երկրների այն քաղաքացիներին, որոնց փախստականի կարգավիճակ ստանալու դիմումները չեն բավարարվել: Այդ մասին երկուշաբթի օրը գերմանական ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը, հաղորդում է ТАСС-ը:
«Գերմանիան պատրաստ է տնտեսական օգնություն տրամադրել այդ երկրներին, սակայն միայն այն դեպքում, եթե նրանց կառավարություններն արդարություն ցուցաբերեն և թույլ տան իրենց տարածք մտնել այն քաղաքացիներին, ովքեր մեզ մոտ քաղաքական ապաստանի իրավունք չունեն»,- ասել է նա:
«Չի կարելի օգնություն ստանալ, բայց միևնույն ժամանակ հետ չընդունել իրենց իսկ քաղաքացիներին, որոնք չեն կարող ապաստան ստանալ, քանի որ նրանք պարզապես չունեն պատճառ իրենց երկրներից փախչելու համար»,- հայտարարել է նա։










