Օբաման արտակարգ դրություն է հայտարարել Միչիգան նահանգում՝ խմելու ջրի պատճառով
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրություն է հայտարարել Միչիգան նահանգում, որտեղ խմելու ջուրն աղտոտվել է: Դրա բաղադրության մեջ հայտնաբերվել է կապարի մեծ քանակություն, ինչը համարվում է թունավոր տարր:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, խմելու ջրի հետ կապված ճգնաժամը Ֆլինտ քաղաքում է, որի բնակիչների անվտանգության ապահովման համար արտակարգ դրության սահմանումն անհրաժեշտություն էր։
Հայտնի է, որ Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերն այս խնդրանքով անձամբ է դիմել Օբամային: Սնայդերի հրամանով՝ ներկայում Ֆլինտի բնակիչներին շշալցված մաքուր ջուր է բաժանվում։
Նշվում է, որ քաղաքի բնակիչները բավական տևական ժամանակ բողոքել են խմելու ջրի որակից, կեղտոտ գույնից ու դրա հետ կապված առողջական վատ վիճակից:
Աղբյուրը մանրամասնում է, որ ջրամատակարարման ծախսերի կրճատման նպատակով քաղաքի իշխանությունները դադարեցրել են Դետրոյթից ջուր գնելն ու սկսել են օգտագործել Ֆլինտ գետի ջուրը:










