Ջեյ Դի Վենսը կարող է նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ որոշում կայացնել մինչև 2027 թվականի գարնան վերջը. Axios

09:49 • 16.11.26

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարող է պետության ղեկավարի ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ որոշում կայացնել մինչև 2027 թվականի գարնան վերջը։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ Վենսը մինչև Նոր տարի վերջնական որոշում չի կայացնի 2028 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու վերաբերյալ և կարող է սպասել մինչև գարնան վերջ՝ իր մտադրությունների մասին հայտարարելու համար։

Axios-ն ընդգծում է, որ փոխնախագահը մնում է Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնում թեկնածու առաջադրվելու ամենանախընտրելի հավակնորդը, սակայն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում իր կուսակիցների պարտությունը բարդացրել է նրա քաղաքական ապագան և կարող է փոխել ուժերի դասավորությունը 2028 թվականի ընտրություններում։

Պորտալի վկայությամբ՝ փոխնախագահի մերձավոր խորհրդականները համոզված են, որ նա որոշում կկայացնի հօգուտ ընտրություններին մասնակցելու։ Միևնույն ժամանակ Վենսը մտավախություն ունի, որ նախընտրական քարոզարշավի վաղաժամ մեկնարկը կարող է շեղել ուշադրությունը Թրամփից և հեռացնել իրեն նրանից։

Նոյեմբերի 13-ին CNN հեռուստաընկերությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո Վենսը լրջորեն դիտարկում է 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու հնարավորությունը։ Նոյեմբերի 4-ին Թրամփը չէր բացառել, որ Վենսը չի առաջադրի իր թեկնածությունը։

Հոկտեմբերի 19-ին Վենսը վստահություն էր հայտնել, որ կարժանանար Թրամփի աջակցությանը, եթե որոշեր 2028 թվականին հավակնել նախագահի պաշտոնին։ Ավելի վաղ CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա չէր բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում։