Ռուսաստանի փոխվարչապետը 2016 թվականին տնտեսական աճ է ակնկալում
Ռուսաստանի կառավարությունը, չնայած ճգնաժամին, 2016 թվականին տնտեսական աճ գրանցելու նպատակ ունի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը Հոնկոնգում բացված Ասիական ֆինանսական համաժողովի ընթացքում, գրում է lenta.ru-ն։
«Մենք մշտական երկխոսության մեջ ենք գործարար համայնքի հետ, քննարկում ենք տնտեսության աջակցման միջոցները և գործարար միջավայրի բարելավման հնարավորությունները»,- նշել է Դվորկովիչը: Նրա խոսքով՝ վերջին տասը տարիները բավական հաջող են եղել երկրի տնտեսության համար, ինչը թույլ է տվել բավականաչափ պաշարներ կուտակել։
Բացի այդ, փոխվարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել ԵՏՄ-ի և Հոնկոնգի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը։
«Մենք վերջերս կնքել ենք ազատ առևտրի գոտու մասին համաձայնություն Եվրասիական միության և Վիետնամի միջև, այժմ բանակցություններ ենք վարում Իսրայելի հետ»,- նշել է նա:










