Դատավորը մերժեց նիստերը Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու Ավետիսյանների իրավահաջորդների միջնորդությունը

14:54 • 18.01.16

Ավետիսյանների գործով դատավորը մերժեց նիստերը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը:


Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում, որտեղ շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երկրորդ արտագնա դատական նիստը, Ավետիսյանների իրավահաջորդների գործով ներկայացուցիչները պնդել էին՝ փոխել դատական նիստի վայրը, քանի որ այն չի համապատասխանում անգամ աշխատանքի պատշաճ պայմաններին:


Միջնորդությունը մերժելուց հետո Արթուր Սաքունցը հայտարարեց, որ իրենք ներկայացնելու են նոր միջնորդություններ՝ գործով դատավորի ու դատախազի ինքնաբացարկ հայտնելու պահանջով և խնդրեց դրանք նախապատրաստելու համար կես ժամով ընդմիջել նիստը:


Դատարանը գնաց ընդմիջման:


Նշենք, որ այսօր ավելի վաղ դատարանում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով միջնորդությանը,  ասել էր, թե դրա «իրավական պահանջը, հետևյալն է. դատարանի պատճառաբանությունը կայանում է նրանում, որ Պերմյակովը պատիժը կրում է կալանատանը, անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք է ստեղծում»:


«Սույն պատճառաբանությամբ դատարանը կասկածի տակ է դնում բոլոր այն դատական ակտերը, որոնք չեն իրականացվել արտագնա դատական նիստում ու ամբաստանյալը պատիժ է կրել քրեակատարողական հիմնարկներից մեկում: Փաստորեն, դատարանն ընդունում է, որ նման դատական ակտերը ընդունվել են արդար դատաքննության իրավունքի խախտմամբ կամ դրանք չեն բխում արդյունավետության իրացման շահերից: Գտնում ենք, որ դատարանի որոշումն առարկայազուրկ է»,- ասել էր իրավապաշտպանը՝ մեջբերելով Եվրոպական կոնվենցիայի համապատասխան կետերը:

Դատավորը մերժեց նիստերը Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու Ավետիսյանների իրավահաջորդների միջնորդությունը