Թուրքիայում հետաքննություն են սկսել Էրդողանի մասին ընդդիմության առաջնորդի խոսքերի պատճառով

16:15 • 18.01.16

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին հրապարակայնորեն վիրավորելու մեղադրանքով, հաղորդում է РИА Новости-ն։

 

Քըլըչդարօղլուն, շաբաթ օրը ելույթ ունենալով իր կուսակցության համագումարի ժամանակ, Էրդողանին անվանել է «այսպես կոչված բռնապետ» և մեղադրել նրան կոռուպցիայի թողտվության համար»։

 

Ավելի վաղ Թուրքիայի քաղաքացիների դեմ, այդ թվում՝ լրագրողների, իշխանությունները տասնյակ հայցեր են ներկայացրել պաշտոնատար անձանց վիրավորելու մեղադրանքով: Նոյեմբերին թուրքական Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը, ովքեր լրագրողական հետաքննություն էին անցկացնում սիրիացի ջիհադականներին Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից զենքի գաղտնի մատակարարումների մասին, ձերբակալվել են՝ լրտեսության մեղադրանքով։

 

Թուրքական օրենքներով՝ նախագահին հրապարակայնորեն վիրավորելու համար նախատեսվում է տուգանք կամ մեկից մինչև չորս տարվա ազատազրկում:

Թուրքիայում հետաքննություն են սկսել Էրդողանի մասին ընդդիմության առաջնորդի խոսքերի պատճառով