Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները գործով դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն ներկայացրին

15:45 • 18.01.16

Սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները գործով արտագնա դատական նիստի ժամանակ միջնորդություն ներկայացրին՝ դատավորին և դատախազին ինքնաբացարկ անելու պահանջով:


Ինչպես նիստի ժամանակ հայտարարեց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, գործով դատավորն անկողմնակալ չէ, ուստի չի կարող շարունակել վարել նիստը:


«Դուք անկողմնակալ լինել չեք կարող: Այնպիսի խախտումներ եք թույլ տալիս, որոնք անթույլատրելի են: Դա չի նշանակում, որ դուք քաջատեղյակ չեք օրենսգրքին, ոչ ծանոթ եք, բայց չեք ղեկավարվում դրանով, ինչը դիտարկում եմ պաշտպանվածություն: Այն որոշումները, որոնք կայացնում եք անկախ և անկողմնակալ չեն կարող լինել: Այլ բան չի մնում ենթադրել»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը:


Նա հորդորեց դատավորին, որ ինքն անձամբ ինքնաբացարկ հայտարարի  թույլ չտա, որ իրենք անեն: Միջնորդության միացան Ավետիսյանների գործով բոլոր իրավահաջորդներն ու իրավահաջորդների ներկայացուցիչները:


Ամբաստանյալ Վալերի Պերմյակովն էլ այս առնչությամբ հայտարարեց. «Չեմ առարկում»: Դատավորին հավանաբար զարմացրեց մեղադրյալի պատասխանը, ուստի վերջինս Պերմյակովի թարգմանչին հարցրեց. «Հասկացե՞լ է՝ ինչումն է հարցը, բացատրե՞լ եք, թարգմանել եք»:


Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Նիստը կշարունակվի մեկ ժամ անց:

 

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները գործով դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն ներկայացրին