Գրիպով դիմելիությունը նվազում է, երեխաների և հղիների շրջանում ծանր հիվանդներ չկան. նախարարություն (տեսանյութ)

18:13 • 19.01.16

Վերջին 3 օրվա ընթացքում պահպանվում է գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը։ Արձանագրվում է  թե՛ հիվանդանոցային, թե՛ առողջության առաջնային պահպանման օղակի դիմելիության, ինչպես նաև շտապօգնության կանչերի նվազում, գրեթե չկա ծանր դեպքերի նոր դիմելիություն։

 

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

 

Գրիպով և սուր շնչառական վարակներով մեծաթիվ հիվանդներ առողջացմամբ դուրս են գրվում, վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների  մեծ մասը տեղափոխվել է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։

 

Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից  108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։

 

Նշենք, որ հանրապետության ծննդօգնության բժշկական ստացիոնարներում բուժում է ստանում 100 հղի և ծննդկան, 36-ի մոտ` թոքաբորբ։ Երեխաների և հղիների շրջանում ծանր հիվանդներ չկան:

 

Հերթական շրջայցից հետո ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշել է, որ  հունվարի 18-ի դրությամբ շուրջ 30 տոկոսով նվազել է հղիների շրջանում հիվանդացությունը: Նրա խոսքով`  իրականացված լայնածավալ միջոցառումների շնորհիվ,  այսօրվա դրությամբ հանրապետության ծննդօգնության որևէ հիմարկում չկա արհեստական շնչառության սարքին միացված հղի կին:

 

Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարևան երկրներում  հիվանդացության լայն տարածվածությունը, բնակչության ակտիվ տեղաշարժը և այն հանգամանքը, որ դեռևս գտնվում ենք գրիպի սեզոնի մեջ, հորդորում ենք չթուլացնել զգոնությունը։

 

Գրիպից և սուր շնդառական վարակներից խուսափելու նպատակով հորդորում ենք ականջալուր լինել բժիշկների խորհուրդներին, չշփվել հիվանդների հետ, հիվանդանալու դեպքում մնալ տանը, ստանալ պատշաճ մասնագիտական բժշկական օգնություն, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չընդունել հակաբիոտիկներ։