Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հրաժարվել է արգելել Դոնալդ Թրամփի մուտքը երկիր
Մեծ Բրիտանիայի օրենսդիրները երկուշաբթի օրը՝ հունվարի 18-ին, քննարկել են երկիր ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփի մուտքի արգելքի մասին միջնորդությունը։ Որոշում չի կայացվել, հաղորդում է lenta.ru-ն:
Խորհրդարանի անդամների կարծիքով՝ արգելքի շնորհիվ նա է՛լ ավելի մեծ ճանաչում կստանա, բացի այդ, Անգլիան չպետք է մասնակցի ամերիկյան գործերին։
Հասարակության վրդովմունքն առաջացրել են Թրամփի խոսքերն այն մասին, որ պետք է արգելվի մուսուլմանների մուտքն ԱՄՆ։ Դրանից հետո կես միլիոնից ավելի բրիտանացիներ խնդրագիր են ստորագրել, որը կոչ է անում միլիարդատիրոջն արգելել մուտք գործել իրենց երկիր, որտեղ նա գործնական շահեր ունի:
Արդյունքում՝ երեք ժամ բանավեճերից հետո, որոնց ընթացքում հնչել է Թրամփի դեմ քննադատություն, այնուամենայնիվ, որևէ որոշում չի կայացվել: Քվեարկությանը գործը չի հասել, արգելքին դեմ են արտահայտվել ավելի մեծ թվով պատգամավորներ։










