Ներքին Բազմաբերդի բնակիչները բողոքում են, որ թվային նոր սարքերով 6 ալիք են դիտում. Գ. Ամալյանը բացատրում է պատճառը
Արագածոտնի մարզի Ներքին Բամզաբերդ գյուղում թվային հեռարձակման համար տեղադրված սարքերով կարողանում են դիտել միայն 6 հայկական ալիք և մի շարք ադրբեջանական ալիքներ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ներքին բազմաբերդցիներից մեկը՝ նշելով, որ բացի այդ պարբերաբար կորում է ազդանշանը։
«Ստիպված անջատում ենք սարքը և հեռուստացույց դիտում նախկին անալոգային տարբերակով: Խնդիրը ոչ միայն մեզ մոտ է, այլ մեր բազմաթիվ համագյուղացիների: Նաև նշեմ, որ չեմ կարծում, թե սարքի որակը կապ ունի, որովհետև տարբեր գների սլաքեր են մարդիկ տեղադրել, բայց հիմնականում բոլորի մոտ էլ նույն խնդիրն է»,-ասաց նա:
Հարցի հետ կապված «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ղեկավար Գրիգոր Ամալյանից Tert.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք նման այլ բողոքներ ստացե՞լ են, թե ոչ և ինչի հետ է դա կապված: Վերջինս նշեց, որ խնդիրը կապված է տանիքի ալեհավաքը սխալ ուղղելու հետ:
«Եթե ալեհավաքը ուղղել է դեպի Երևան, իհարկե ազդանշանի հետ կապված խնդիր է լինելու: Պետք է ուղղեն դեպի իրենց մարզային աշտարակ: 6 ալիքանոց մուլտիպլեքս մենք ունեն բացառապես Երևանում: Մարզային բնակավայրում դու կարող ես ազդանշանը վերցնել տարբեր աշտարակներից, բայց որպեսզի կարողանաս դիտել բոլոր ալիքները, ապա պետք է ալեհավաքը ուղղել դեպի մարզային աշխատակ: Օրինակ, եթե արմավիրցին ասի, որ ինքը դիտում է Երևանի 18 ալիքները, բայց չի կարողանում դիտել Էջմիածնի ալիքը, ապա դա նշանակում է, որ ալեհավաքը ուղղված չէ դեպի մարզային աշտարակ: Արարատում ևս բոլորը ալեհավաքներն ուղղել են դեպի Երևանի կողմը»,-ասաց նա:










