Իսրայելը պաշտպանել է անկախ Քուրդիստանի ստեղծումը
Իսրայելը հերթական անգամ կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել անկախ պետություն ունենալու քրդերի իրավունքը, հաղորդում է korrespondent.net-ը:
Երկրի արդարադատության նախարար Աելետ Շակեդն ազգային անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիային և Իրաքին սահմանակից տարածքի վերաբերյալ քրդերի իրավունքի մասին։
Բացի այդ, նա կոչ է արել փոխել միջազգային իրավունքի նորմերը՝ ահաբեկչության կտրուկ տարածման առնչությամբ:
«Սահմաններն այժմ լղոզված են, և հնարավոր չէ հստակ տարբերակել քաղաքացիական անձին ահաբեկիչ գրոհայինից»,- ընդգծել է Շակեդը:
Կայքը հիշեցնում է, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն 2014 թվականին առաջին անգամ կոչ է արել ստեղծել անկախ Քուրդիստան: Նա այդ ժամանակ նշել է, որ անկախության քրդերի ձգտումը հարկավոր է պաշտպանել իսլամիստների թուլացման համար։










