Հաստատվել է Պակիստանի բուհերից մեկի վրա զինված հարձակման հետևանքով 21 մարդու մահվան փաստը

12:20 • 20.01.16

© REUTERS/ ARY News

 

Պակիստանի ոստիկանությունը հաստատել է Չարսադա քաղաքում գտնվող համալսարանի վրա զինված հարձակման հետևանքով 21 մարդու մահվան փաստը, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

 

Ավելի վաղ, Պակիստանի լրատվամիջոցների հաղորդմամբ, արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել էին 7 զոհի և 12 վիրավորի մասին։

 

Գրոհայինների խումբը չորեքշաբթի առավոտյան ներխուժել է համալսարանի տարածք, ոստիկանությունը հայտնել էր, որ հարձակվողները չորսն են եղել, սակայն հետո տեղեկություններ են հայտնվել, որոնց համաձայն նրանց թիվը կարող է 6-8 լինել: Համալսարանական հանրակացարանից մարդիկ տարհանվել են։ Ականատեսները նաև հայտնել են երկու հզոր պայթյունի մասին:

 

Հարձակման պահին ուսումնական հաստատության տարածքում եղել է մոտ 3 հազար ուսանող։ Որոշ տվյալներով՝ համալսարանում պոեզիայի մրցույթ էր անցկացվում, որի համար 600 հյուր էր հրավիրվել։

 

The Guardian-ի հաղորդմամբ՝ հաղորդագրություններ կան, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թահրիք-ի-Թալիբան Պակիստան» խմբավորումը։

 

Հաստատվել է Պակիստանի բուհերից մեկի վրա զինված հարձակման հետևանքով 21 մարդու մահվան փաստը