«Թալիբանը» հերքում է Պակիստանում զինված հարձակման մեջ ներգրավվածությունը

15:27 • 20.01.16

Պակիստանում «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Խուրասանին հերքում է, որ թալիբներն են կանգնած երկրի հյուսիս-արևմուտքում՝ Չարսադա քաղաքում, Բաչա Խանի անվան համալսարանի վրա հարձակման հետևում, որի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, գրում է korrespondent.net-ը:

 

Խուրասանին BBC-ին տված հարցազրույցում ուսումնական հաստատության վրա հարձակումն անվանել է իսլամին հակասող քայլ և խոստացել է, որ «Թալիբանը» կպարզի, թե ով է տարածել տեղեկատվությունն այն մասին, որ այդ հարձակման հետևում կանգնած են շարժման գրոհայինները։

 

Ավելի վաղ «Թահրիք-ի-Թալիբան Պակիստան»-ի հրամանատարներից մեկը՝ Ումար Մանսուրը, հայտնել էր, որ համալսարանի վրա հարձակումն իրականացրել են չորս մահապարտ թալիբներ։ Նրա խոսքով՝ ուսումնական հաստատության վրա հարձակումը թալիբների դիրքերի վրա պակիստանցի զինվորականների գրոհի պատասխանն էր։

 

Պակիստանի իշխանությունները հայտարարում են, որ չորս հարձակվողները սպանվել են, համալսարանում փոխհրաձգությունն ավարտվել է: Այն տևել է մոտ երեք ժամ։

 

Դեռ հայտնի չէ, թե քանի հարձակվող է եղել և նրանցից քանիսն են դեռ թաքնվում համալսարանի շենքում։ 

«Թալիբանը» հերքում է Պակիստանում զինված հարձակման մեջ ներգրավվածությունը