Ջորջ Քլունին Ամերիկյան կինոակադեմիային մեղադրել է խտրականության համար
Ամերիկացի հանրահայտ դերասան Ջորջ Քլունին կարծիք է հայտնել, որ Ամերիկյան կինոակադեմիան «ոչ ճիշտ ուղղությամբ է շարժվում», հայտնում է BBC-ն:
Այս կերպ Քլունին միացել է Կինոակադեմիայի Օսկար մրցանակի շուրջ այս օրերին ակտիվ բանավեճին: Ամերիկացի կինոգործիչները քննարկում են ռասայական և էթնիկ բազմազանության պակասը Օսկարի հավակնորդների շարքերում:
Երկրորդ տարին անընդմեջ Օսկարի հիմնական հավակնորդների թվում միմիայն սպիտակամորթ կինոգործիչներ են, ինչը վրդովմունք է առաջացրել կինոշրջանակներում: Սևամորթ դերասանուհի Ջադա Փինքեթը և ռեժիսոր Սթայք Լին արդեն իսկ բոյկոտել են Օսկարի մրցանակաբաշխությունը:
Իր հերթին Կինոակադեմիայի նախագահությունը սկանդալի ֆոնին կոչ է արել վերանայել Կինոակադեմիայի գործունեության կանոնները:










