ՌԴ կոմունիստները սպառնում են բողոքի ակցիաներ իրականացնել, եթե Դի Կապրիոն հանդես գա Լենինի դերում
Ռուսաստանի կոմունիստներին զայրացրել է այն տեղեկությունը, որ Լենինի դերը կարող է ստանալ հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, և պատրաստ են բողոքի ակցիա կազմակերպել, գրում է vesti.ru-ն:
«Մենք նամակ ենք ուղարկել «Լենֆիլմ»»,- պատմել է «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Սերգեյ Մալինկովիչը:
«Կսկսվեն բողոքի ակցիաներ, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ «Լենֆիլմի» մուտքի մոտ, և պարզապես թույլ չենք տա նրանց մտնել այդտեղ: Թող ռուս դերասան գտնեն, ինչ է, չունե՞նք մեր դերասանները»,- նախազգուշացրել է նա:
Ավելի վաղ հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն պատմել է, որ ցանկանում է հանդես գալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինի և «թագավորական ընկեր» Գրիգորի Ռասպուտինի դերում:
Դրանից հետո «Լենֆիլմի» մամուլի խոսնակ Վալերի Կարպովը հայտարարել էր, որ ընկերությունում պատրաստ կլինեն ֆիլմ նկարահանել Դի Կապրիոյի մասնակցությամբ։
«Լեոնարդո Դի Կապրիոյին հաճախ համեմատում են երիտասարդ տարիքում Լենինի հետ: Մենք բավականաչափ դեկորացիաներ ունենք հեղափոխության շրջանը վերստեղծելու համար»,- ասել էր նա:
Նշենք, որ դերասանի մորական տատը ռուս է։










