«Օսկարը» բոյկոտելու լուրերի ֆոնին Թրամփը հիշեցրել է սևամորթների համար նախատեսված հատուկ մրցանակի մասին

13:47 • 21.01.16

ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հիշեցրել է BET Awards-ի՝ արվեստի և սպորտի ոլորտում սևամորթ ամերիկացիների համար նախատեսված հատուկ մրցանակի գոյության մասին:

 

Այդկերպ Թրամփն արտահայտվել է երկրորդ տարին անընդմեջ դերասանական անվանակարգերում աֆրոամերիկացիների չառաջադրելու պատճառով «Օսկարի» արարողությունը բոյկոտելու կոչերի առնչությամբ, գրում է lenta.ru-ն։

 

Չորեքշաբթի օրը՝ հունվարի 20-ին, քաղաքական գործիչը մասնակցել է Fox News հեռուստաալիքով «Fox և ընկերներ» հաղորդմանը, որտեղ նրան հարցրել են «Օսկարի» շուրջ սկանդալի մասին։

 

«Իսկ այդ դեպքում ի՞նչ անենք BET Awards-ի հետ: Սպիտակներին երբեք չեն առաջադրում անվանակարգերում: Ես երբեք չեմ մտածել դրա մասին»,- ասել է Թրամփը:

 

Նա «Օսկարի» հետ կապված իրավիճակը գնահատել է բարդ և կողմ է արտահայտվել նրան, որ նման մրցանակաբաշխություններում «բոլորը ներկայացված լինեն պատշաճ ձևով»։

«Օսկարը» բոյկոտելու լուրերի ֆոնին Թրամփը հիշեցրել է սևամորթների համար նախատեսված հատուկ մրցանակի մասին