Նկարիչների վիճակը այսօր չափազանց ծանր է. նկարիչների միության նախագահ
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսների ծրագիրն արդեն հաստավել է:
«Մենք ունենք մոտ 45 ցուցահանդես՝ տարբեր թեմաներով: Դիմումների քանակն այնքան շատ էր, որ այս տարի նույնիսկ որոշ մարդկանց մերժել ենք»,- ասաց նա:
Նա ցուցահանդեսներից ամենակարևորը համարեց սեպտեմբերին նախատեսված անկախության 25 ամյակին նվիրված ցուցահանդեսը:
Կարեն Աղամյանը նշեց, որ ցուցահանդեսներին այցելուների թիվը միշտ կա, առավելևս ցուցահանդեսների բացման օրերին, սակայն քարոզչական աշխատանքի պակաս է նկատում և նշեց, որ լրատվական միջոցները շատ քիչ են անդրադառնում ցուցահանդեսներին:
Ինչ վերաբերում նրան, թե հիմնական գնորդների կողմից ինչպիսի նկարների պահանջարկ կա, նկարիչների միության նախագահն ասաց. «Միանգամից ասեմ, որ գրեթե ոչինչ չի գնվում, որովհետև նկարիչների վիճակն այսօր չափազանց ծանր է»: Նա օրինակ բերեց, որ խորհրդային տարիներին պետությունն էր այդ հոգսերը վերցնել իր վրա, և նկարիչը ապրում էր բարեկեցիկ կյանքով:
«Իսկ այսօր նկարիչը իր կենցաղի մասին է ստիպված մտածել, և ստեղծագործությունը սկսում է երկրորդ պլանում մնալ»,- ասաց նա:










