Պետք է ոչ թե գլուխ խոնարհել, այլ հպարտությամբ բարձր պահել. Առնո Բաբաջանյանի 95-ամյակի առթիվ ծաղիկներ դրեցին նրա գերեզմանին
Այսօր հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության (1971) և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյան ծննդյան օրն է. լրացավ մեծ կոմպոզիտորի 95-ամյակը: Այդ առիթով այսօր Երևանի կենտրոնական գերեզմանատուն էին այցելել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսները, ուսանողները, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը և այլոք:
Նրանք մեխակներ ու ծաղկեպսակներ դրեցին կոմպոզիտորի գերեզմանին և կոչ արեցին ոչ թե գլուխ խոնարհել և գլուխը բարձր ու հպարտ պահել:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ Առնո Բաբաջանյանի թողած ժառանգությունը ծավալների իմաստով փոքր է, բայց որակի իմաստով՝ տիեզերական բարձրության:
«Մոտ մի քանի ամիս առաջ ընթերցում էի Առնո Բաբաջանյանի հետ կապված որոշ հուշեր, և շատ հետաքրքիր էր, թե ինչ էր ինքն ասել իր մասին: Ասում է՝ ես ամենուրեք, ամեն պահ շրջապատված եմ հնչյուններով, ես ազատ ժամանակ չեմ ունեցել և հիմա էլ չունեմ, ամենուրեք ինձ պաշարում են հնչյունները, նույնիսկ երազում: Այդ հնչյուններից ես վերցնում են սրտահաճները և դարձնում են մեղեդիներ, որոնք էլ դառնում են ժողովրդինը: Կարծում եմ՝ այս խոսքերը ամենամեծ գնահատականն են իր կողմից գրված, և դրանց տակ կարող է այսօր ստորագրել ցանկացած հայ մտավորական և հայ ժողովրդի ներկայացուցիչ»,-ասաց նա:
Արթուր Պողոսյանը նշեց, որ պետք է գլուխները բարձր պահել, որովհետև ունենք մի մարդ, որով կարող ենք հպարտանալ ու մեր մշակույթը հպարտությամբ ներկայացնել ողջ աշխարհին:
Կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանն էլ նշեց, որ Առնո Բաբաջանյանը երաժշտության բնագավառում «գիգանտ» էր և նրա մեծաթիվ երգերը, որ սիրով կատարվում են մինչ օրս:
«Թեև նա ստեղծագործում էր նաև ռուսերենով, բայց իր բոլոր երգերը նախ բերում ձայնագրում էր Երևանում, հայ երգիչների հետ, հետո տանում տալիս էր մյուսներին: Առնոյի 95-ամյակը լավ է, որ նշում ենք երիտասարդների հետ, սա նշանակում է, որ նրան հիշում են բոլորը»,-ասաց նա:
Երգչուհի Ռաիսա Մկրտչյան, ով Առնո Բաբաջանյանի կողմից գրված բազմաթիվ երգերի առաջին կատարողն է, նշեց, որ 1960-70-ականներին հայ էստրադայի ամենածաղկուն շրջանն էր, և ինքը հպարտ է, որ հնարավորություն է ունեցել աշխատելու մեծ կոմպոզիտորի հետ:
«Այդ տարիներին ինձ բախտ վիճակվեց համագործակցել նրա հետ, իմ առաջին քայլերի ժամանակ էր, որ վստահեց իր երգերը, և դա շարունակվեց մինչև իր կյանքի վերջ՝ մոտ 25 տարի: Այս ընթացքում մոտ 38 երգ հատուկ տրվեց ինձ՝ վստահելով առաջին կատարումները: Ես երջանիկ եմ, որ այդ ժամանակահատվածում եմ եղել, կարողացել եմ համագործակցել նրա հետ, որովհետև բացառիկ անհատականություն էր, որի երգերում այնքան բարիություն կար, այնքան էմոցիաներով հագեցված և այնքան գեղեցիկ, որ դրանք բոլոր սերնդի ներկայացուցիչները սիրում էին»,-ասաց նա և տեղեկացրեց, որ մեծ կոմպոզիտորին նվիրված համերգը կկազմակերպվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)










