Հայրս ու Մուսլիմ Մագոմաևն ուշադրություն չէին դարձնում ազգություններին. Առնո Բաբաջանյանի որդին հոր հոբելյանի առթիվ կիսվել է իր հուշերով

12:13 • 22.01.16

Հունվարի 22-ին լրանում է խորհրդային կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակը: Այսօր մենք քաջ գիտակցում ենք, որ առանց նրա հիթերի խորհրդային էստրադայի «ոսկե դարաշրջանն» ուղղակի հնարավոր չէ պատկերացնել:

 

Տաղանդաշատ կոմպոզիտորի հոբելյանի կապակցությամբ հոր մասին հուշերով ռուսական «Կուլտուրա» կայքի հետ կիսվել է Արա Բաբաջանյանը։ Խոսելով ու վերհիշելով տաղանդաշատ հոր անցած ստեղծագործական ուղու, նվաճումների ու ձեռքբերումների մասին` որդին ուշագրավ անդրադարձ է կատարել Առնո Բաբաջանյանի ու ադրբեջանցի հայտնի կատարող Մուսլիմ Մագոմաևի փոխհարաբերություններին:

 

«Մի անգամ մայրս հեռուստացույցով տեսավ երիտասարդ Մագոմաևի ելույթն ու հետաքրքրվեց նրանով: Նա դիմեց մեր հարևանուհուն` Բաքվից կոմպոզիտոր Ասյա Սուլթանովային` խնդրելով տաղանդավոր երգչին մեզ հյուր հրավիրել: Մայրիկս կարծում էր, որ Առնոյի ու Մագոմաևի միջև կարող է հաջողված ստեղծագործական դաշինք ստեղծվել: Եվ մի օր Մուսլիմն իրոք եկավ մեր տուն, նստեց դաշնամուրի առաջ ու մի քանի երգ կատարեց։ Դե իսկ մնացածը, ինչպես ասում են, արդեն պատմություն է։ Հայրս նրան առաջարկեց կատարել «Հիշում եմ Բուլղարիան» երգը, որին հաջորդեցին մյուս ճանաչված հիթերը»,- վերհիշել է Արան:

 

Լրագրողի այն հարցին, թե ինչպես են դասավորվել հայ կոմպոզիտորի ու ադրբեջանցի երգչի անձնական փոխհարաբերությունները, Արա Բաբաջանյանը նշել է, որ «նրանք իրար հետ շատ հեշտ էին աշխատում, բացի այդ, այն ժամանակներում միջէթնիկ հարցերն այդքան սուր չէին դրված, ինչպես այսօր»:


«Հորս ու Մագոմաևի միջև գոյություն ուներ փոխադարձ մեծ հարգանք, ինչը հիմնված էր գործի հանդեպ պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Մուսլիմը, եթե կարելի է այսպես արտահայտվել, գերերաժշտական անձնավորություն էր, և հորս հեղինակած ստեղծագործությունները լիովին համապատասխանում էին նրա վոկոլային տվյալներին: Մի խոսքով՝ հորս ու Մագոմաևի համագործակցությունը կատարյալ ստեղծագործական տանդեմ էր»,-հավելել է որդին:

 

Նշենք, որ տաղանդաշատ կոմպոզիտորի հոբելյանին է անդրադարձել նաև խորհրդային հայտնի պոետ, Բաբաջանյանի բազում երգերի տեքստերի հեղինակ Ռոբերտ Ռոժդեստվենսկու դուստրը` Եկատերինա Ռոժդեստվենսկայան` ուշագրավ գրառում անելով ֆեյսբուքյան իր էջում.

 

«Այսօր լրանում է հրաշալի մի մարդու, հիանալի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 95- ամյակը: Թեև նա ֆիզիկապես վաղուց չկա, բայց երաժշտական առումով նա մեզ հետ է ամեն օր: Իսկ դա, կարծում եմ, կոմպոզիտորի համար ամենակարևոր բանն է:


Նա մեր կողքի բակում էր ապրում, հաճախ էր մեզ հյուր գալիս, մենք էլ նրա մոտ էինք գնում, քանի որ ամբողջ ընտանիքով սիրում էինք նրան: Նա հիանալի հումորի զգացում ուներ. մատով վեր էր բարձրացնում իր հսկայական, հրաշալի քիթը, ու, ձայնը փոխելով, ծիծաղելի բաներ էր ասում մանկական ձայնով: Նա հոգով հարուստ, շփման մեջ ազատ,  համեստ, խելացի, մի խոսքով` հրաշալի մարդ էր:


Յոթանասունական թվականներին նա սկսեց երաժշտություն գրել հորս բանաստեղծությունների համար, և այդ երգերը հնչում են առ այսօր: Հիմնականում դրանք կատարում էր Մուսլիմ Մագոմաևը: Այս ստեղծագործական եռյակը շատ երկար կյանք ունեցավ և անչափ արգասաբեր էր: Այն ժամանակ ոչ մեկին չէր հետաքրքրում, թե դրա անդամներն ինչ ազգություն ունեին, և ոչ ոքի չէր զարմացնում հայի, ռուսի և ադրբեջանցու ստեղծագործական միությունը: Մարդիկ ուղղակի լսում էին այդ երգերը, ձայնակցում և ուրախանում, որ իրենց կողքին նման տաղանդավոր մարդիկ են ապրում»։

 

Գրառմանը կից նա հրապարակել է մի լուսանկար, որում պատկերված են Մագոմաևը, Բաբաջանյանն ու իր հայրը.

Հայրս ու Մուսլիմ Մագոմաևն ուշադրություն չէին դարձնում ազգություններին. Առնո Բաբաջանյանի որդին հոր հոբելյանի առթիվ կիսվել է իր հուշերով