Երիտասարդները պատրաստվում են Սուրբ Սարգսի տոնին (տեսանյութ)
Վաղը՝ հունվարի 23-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որին ընդառաջ այս գիշեր բոլոր չամուսնացած երիտասարդները քնելուց առաջ կարող են աղաբլիթ ուտել և տեսնել իրենց ապագա կողակցին:
Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տոնի նախօրեին աշխուժություն էր: Մի քանի տասնյակ կանայք ոչ միայն աղի բլիթներ էին վաճառում, այլ նաև ցորենի հասկերից փնջեր և հավատացնում, որ այդ փնջերը հաջողություն ու առատություն կբերեն օջախներին:
Մեկ աղաբլիթը վաճառվում էր 100 դրամով, գնորդների պակաս չկար: Tert.am-ի հետ զրույցում երիտասարդները նշեցին՝ ուտում են աղի բլիթ, բայց չեն հավատում:
Վաճառող կինը միջամտեց՝ կարևորը հավատով պետք է ուտել:
«Պետք է ջահել աղջիկները, տղաները ուտեն, որ իրանց կեսին տեսնեն, իրիկունը ուտեն, չխոսեն ու լուռ քնեն, մի բաժակ ջուր էլ դնեն մահճակալի մոտ, և երազում պետք ա իրենց կեսը գա և ջուր տա»,-բացատրեց Անահիտ Եփրեմյանը:
Տիկինը նշեց, թե ինքը երիտասարդ ժամանակ չի կերել՝ ստուգելու՝ իսկապե՞ս տեսնում են իրենց կեսին, քանի որ տոնի մասին իմացել է, երբ հարս է գնացել ու տեսել, թե ինչպես է սկեսուրը ամեն տարի Սուրբ Սարգսի տոնին պատրաստվում: Նա նույնիսկ հարսին հավատացրել է, որ ինքը դրսում փոխինձով աման է դրել և Սուրբ Սարգսի ձին եկել է և փոխինձի վրա սմբակի հետքը թողել:
Աղաբլիթներ վաճառող Աշոտ Կարապետյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երիտասարդ տարիներին կերել է ու տեսած աղջիկն էլ դարձել է իր կինը:
«Էնքան ծարավ էի, ինքը բերեց ջուրը տվեց, ես էլ իրան առա»,-ասաց նա:
Տիկին Սիրուշը մի քանի աղաբլիթ էր գնել երիտասարդների համար: Ինքն էլ ժամանակին կերել էր, երազ տեսել էր, թեև ոչ ջուր տվող տղայի, բայց ամուսնացել բոլորվին այլ տղամարդու հետ. «Աստված տա բոլոր երիտասարդները բախտավորվեն»:
Իսկ երիտասարդներից մեկը նշեց, թե տեղյակ է, որ այսօր աղաբլիթ ուտելու օրն է, բայց չի ուտի: «Աղաբլիթի հետ սեր չունեմ: Առայժմ սովորելու ժամանակն է, հետո կկայանամ, նոր կմտածեմ ամուսնության մասին»,-ասաց նա՝ նշելով, թե առանց աղաբլիթի էլ կգտնի իր կյանքի կեսին:















