«Ռեինկարնացիա»-ն ելույթ կունենա Կուստուրիցայի փառատոնում
«Ռեինկարնացիան» խումբը հունվարի 22-ին ելույթ կունենա Սերբիայում՝ Էմիր Կուստուրիցայի կազմակերպած «Կուստենդորֆ» կինոյի և երաժշտության 9-րդ միջազգային փառատոնում։ Այս մասին «Արմենպրես» -ի թղթակցին տեղեկացրին «Մեցցո Փրոդաքշն» ընկերությունից:
«Դեռևս մեկ ամիս առաջ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում սերբ հանրահայտ կինոռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան և իր «The No Smoking Orchestra»-ն սպասված համերգով Երևանում էին։ Դեկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգին հաջորդեց աֆթերփարթին «Մեցցո» ակումբում, որտեղ երեկոյի տրամադրությունն ապահովում էր «Ռեինկարնացիա» սիրված խումբը։Կուստուրիցան ոչ միայն բարձր գնահատական տվեց նրանց երաժշտությանն ու կատարմանը, այլև ելույթ ունեցավ նրանց հետ: Նա այնքան հավանեց խմբին, որ դիմելով կազմակերպիչներին, սիրով հրավիրեց նրանց ելույթ ունենալու իր «Կուստենդորֆ» փառատոնին»,-տեղեկացրին «Մեցցո Փրոդաքշն»-ից:
Հայկական խումբը ելույթ կունենա փառատոնի երաժշտական ծրագրի շրջանակում, որտեղ ընդգրկված են նաև երեք սերբական և մի մոլդովական խումբ: «Ռեինկարնացիայի» ելույթը Էմիր Կուստուրիցայի փառատոնում կազմակերպել են «Մեցցո Փրոդաքշնը» և «Ալմազյան Փրոդաքշնը»: «Կուստենդորֆ» կինոյի և երաժշտության միջազգային ամենամյա փառատոնը տեղի է ունենում 2008 թվականից սերբական Դրվենգրադ էթնոգյուղում, որը Կուստուրիցան կառուցել էր իր «Կյանքը հրաշք է» ֆիլմի համար։
Երաժշտական կոլեկտիվը ստեղծվել է 2001 թվականին, մեներգիչ Ռոլանդ Գասպարյանի կողմից: Տարիների ընթացքում փոխվել են խմբի անդամները: Խումբը համարվում է ռեգգի ոճի առաջին կատարողը Հայաստանում, որը տարածել է ոճը և մեծ հայկական լսարան հավաքել: 2007թ. թողարկել է առաջին հայկական ռեգգի ալբոմը` «Ջանֆիդայից Ջամայկա` 60կմ» և առաջին տեսահոլովակը` «Ջան Ռաստաման»-ը: Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում ու արտերկրում, արժանացել է բազմաթիվ մրցանակների: Մենահամերգներ է ունեցել երևանյան ակումբներում: «Ռեինկարնացիա»-ի երգացանկում են նա հայկական արտադրության ֆիլմերի հայտնի soundtrack-եր:










