Այվազովսկու ցուցահանդեսները Ռուսաստանում «սեանսներով» կլինեն
Russia Today-ը հայտնում է, որ Ռուսաստանի գլխավոր թանգարաններում որոշել են «սեանսներ սահմանել» Հովհաննես Այվազովսկու աշխատանքների ցուցադրության համար:
Մասնավորապես նման որոշում են կայացրել Տրետյակովի ու Ռուսական թանգարանի ղեկավարությունները: Սեանսները վերաբերելու են 2016-ի երկրորդ կեսի ցուցահանդեսներին: Այս կերպ Այվազովսկու գնահատողները ստիպված կլինեն թանգարաններ գնալ կոնկրետ ժամերի և կոնկրետ ժամերի էլ լքել:
Նման որոշում է կայացվել այն աժիոտաժի նկատառումով, որ առաջացել է Վալենտին Սերովի աշխատանքների ցուցադրության շուրջ:
Մեծ ծովանկարչի աշխատանքների ցուցադրությունը Մոսկվայում նախատեսվում է այս տարվա հուլիսի 28-ից նոյեմբերի 20-ը, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ նոյեմբերի վերջից մինչև 2017-ի փետրվար:










