«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայանա առաջին կիսաեզրափակչում

15:17 • 25.01.16

                                                          

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հայաստանյան պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, որը կկայանա մայիսի 10-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում.  տեղեկացնում է  Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը։


Առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում ելույթ կունենան նաև Խորվաթիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Հունաստանը, Հունգարիան, Ռուսաստանը, Նիդեռլանդները, Սան Մարինոն, Ադրբեջանը, Կիպրոսը, Մալթան, Բոսնիա և Հերցոգովինան, Էստոնիան, Չեխիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆրանսիան և Իսպանիան: 


Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 12-ին, որի ընթացքում ելույթ կունենան Լատվիան, Բելառուսը, Իռլանդիան, Շվեյցարիան, Մակեդոնիան, Ավստրալիան, Լիտվան, Լեհաստանը, Իսրայելը, Սերբիան, Ալբանիան, Բուլղարիան, Դանիան, Վրաստանը, Ռումինիան, Սլովենիան, Նորվեգիան, Ուկրաինան, Բելգիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան: 


Մասնակիցների ելույթների հստակ համարները հայտնի կդառնա մարտին, երբ մասնակից բոլոր երկրները ներկայացնեն իրենց երգերը:


Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):


Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում որոշակի կանոններ են փոխվել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Ավելին, նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։


«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:


 

«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայանա առաջին կիսաեզրափակչում