Քշիշտոֆ Պենդերեցկու ներկայությունը խոսում է այն մասին, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մեծ ապագա ունի. Սերգեյ Սմբատյան
Լեհ մեծանուն դիրիժոր և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Երևանում է: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ այսօր նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը և Քշիշտոֆ Պենդերեցկին հանդիպեցին լրատվամիջոցների հետ:
«Ամբողջ նվագախմբով հուզված ենք, դժվար է ամփոփել տասը տարին»,-ասաց Սերգեյ Սմբատյանը՝ նշելով, թե նվագախմբի ամենամեծ հաջողություններից մեկն այն է, որ այս կարևոր օրն իրենց կողքին է մաեստրո Պենդերեցկին:
Սերգեյ Սմբատյանն ասաց, թե երաժշտի համար կարևորագույնն այն է, որ նա մտածի, թե մի բան կարող է փոխել. «Իսկ մենք արդեն ինչ-որ բան փոխել ենք: Նոր նվագախումբ, նոր շունչ նոր հաղթանակներ. սա այն թիմն է, որը նոր գաղափար է փորձում հնչեցնել, այն ակտիվությամբ, որն աշխատում է նվագախումբը, շատ կարևոր է»:
Սերգեյ Սմբատյանն ասաց, թե Քշիշտոֆ Պենդերեցկու ներկայությունը խոսում է այն մասին, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մեծ ապագա ունի:
Քշիշտոֆ Պենդերեցկին շնորհավորելով նվագախմբին՝ ասաց, թե մի քանի անգամ հանդես եկել է նվագախմբի հետ, և կարող է ասել, որ այն աճել է:
«Ես հետաքրքրված եմ երիտասարդ երաժիշտներով: Մենք շատ բան ենք անում երիտասարդ երաժիշտների համար: Շատ կարևոր է, որ այս նվագախումբը գոյություն ունի և զարգանում է»,- ասաց Պենդերեցկին:
Նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգը, որը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Արամ Խաչատրյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Սերգեյ Ռախմանինովի, Պյոտր Չայկովսկու, Ռոդիոն Շչեդրինի, Աստոր Պիացոլլայի, Նիկոլա Պիովանիի ստեղծագործությունները:
Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահարներ Յուկա Ցուբոյը, Հայկ Կազազյանը, թավջութակահարներ Աստրիգ Սիրանոսյանը, Նարեկ Հախնազարյանը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:
Համերգը կղեկավարեն դիրիժորներ Քշիշտոֆ Պենդերեցկին և Սերգեյ Սմբատյանը:










